Բժիշկ-արվեստագետ
Մանկական երազանքները երբեմն իրականանում են...
Ինչպիսին տեսանք ու ճանաչեցինք սրտաբան-նկարիչ Առիթմոլոգիայի սրտաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Ջամալյանին
- Ինչպե՞ս ընտրեցիք սրտաբանի մասնագիտությունը։
- 1991-1992 թ.թ., երբ Հրայր Հովակիմյանը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում սկսել էր սրտի վիրահատություններ կատարել, ես Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի ուսանող էի ու միաժամանակ աշխատում էի որպես բուժեղբայր (ֆելդշեր)։ Ի դեպ այն ժամանակ ես դեռ աշխատելու իրավունք չունեի։ Բուժեղբայր աշխատելու համար պահանջվում էր համալսարանի առնվազն չորրորդ կուրսի կրթություն։ Սակայն համբերելը ուժերիցս վեր էր ու դեկանատի կողմից տրված տեղեկանքը կեղծեցի. մի փոքրիկ գիծ ավելացրի ու ինքս ինձ «փոխադրեցի» չորրորդ կուրս։ Ու հենց այդ ժամանակ այնտեղ աշխատող Քուրդով Կարենը, որը Հայաստանում մանկական սրտային վիրաբուժության հիմնադիրներից մեկն է, մի օր ինձ կանչեց ու հարցրեց, թե ցանկանու՞մ եմ սրտաբանությամբ մասնագիտանալ։ Անկեղծ ասած` ապագա ծրագրերիս մեջ սրտաբանությունը թերևս ամենավերջինն էր։ Բացի այդ, այն սրտաբանությունը, որն այսօր կա Հայաստանում, պարզապես գոյություն չուներ. չկային վիրաբույժներ, չկային վիրաբուժական համապատասխան միջամտություններ, որոնց բացակայությունը անհրապուրիչ էր դարձնում այս ոլորտն անգամ ուսանողներիս համար։ Ու երբ Կարենը սկսեց ինձ նկարագրել այն ամենը, ինչ կարելի է Հայաստանում նույնպես ստեղծել, ես 21-22 տարեկանին բնորոշ ոգևորությամբ հրապուրվեցի։ Ու առանց երկար մտածելու` համաձայնեցի։ Որոշ ժամանակ անց սրտաբանների թիմը տեղափոխվեց Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։ Ես այդ ժամանակ ավարտում էի համալսարանը, երբ Հրայր Հովակիմյանը դիմեց նախարար Ա. Բաբլոյանին, որ բացառության կարգով երկու հոգու թույլ տան սովորելու մանկական սրտաբանության օրդինատուրայում` զանց առնելով այն փաստը, որ նրանք ավարտում են ոչ թե մանկաբուժական, այլ բուժական ֆակուլտետը։ Կարծում եմ՝ գլխի ընկաք, որ այդ երկուսից մեկը ես էի...
Նախարարը թույլատրեց, և երեք տարի անց ես ավարտեցի օրդինատուրան, ու ինձ աշխատանք առաջարկեցին հենց Նորք-Մարաշ կլինիկայում։ Ի դեպ, այդ կենտրոնում ունեմ մի յուրօրինակ ներդրում, որը կարծում եմ, ավելի ճիշտ հուսով եմ` երբեք չի փոխվի. դա կենտրոնի խորհրդանշանն է, որի համար սակայն հեղինակային իրավունք չունեմ։ Որոշ ժամանակ անց Հրայրն ինձ հրավիրեց իր մոտ ու առաջարկեց զբաղվել առիթմոլոգիայով, որի գծով մասնագետ այն ժամանակ Հայաստանում ընդհանրապես չկար։ Ասաց, որ հնարավորություն կա Միացյալ Նահանգներ մեկնել և այնտեղ ուսումս շարունակել։ Անմիջապես համաձայնեցի, սակայն այդ բաղձալի գոծուղմանը ստիպված եղա սպասել ևս երեք տարի։ Եվ միայն իմ բարեկամների ու գործընկերների ակտիվ աջակցությամբ հնարավոր եղավ այն իրագործել։ Չի կարելի ասել, թե ամեն ինչ այնտեղ հեշտությամբ տրվեց, ու ինձ էլ գրկաբաց ընդունեցին։ Հարկ եղավ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, այդ թվում օտարության մեջ ընտանիքից հեռու լինելու հոգեվիճակը։ Անգամ եղան պահեր, երբ հուսահատությունն ու կարոտը անտանելի էին դարձնում իմ կեցությունը և մտածում էի ամեն ինչ թողնել ու վերադառնալ Երևան։ Սակայն այդ դժվարությունները լիովին փոխհատուցվեցին ամերիկյան կլինիկաներում ձեռք բերված հսկայական գիտելիքներով ու փորձով։
Վերջապես վերապատրաստումն ավարտելուց հետո եկավ վերադառնալու ժամանակը։ Հետաքրքիր է ու երևի անհավատալի, բայց ինքնաթիռում արտասվեցի` մտածելով, որ ձեռք բերած գիտելիքներս չեմ կարողանալու հայրենիքում օգտագործել, որովհետև սրտային վիրաբուժությունը շատ թանկ ասպարեզ է ու այն տարիների Հայաստանի համար` անհասանելի։ Ինչևէ, գիտելիքների պաշարով բեռնված վերադարձա Հայաստան։
Կրկին սկսեցի զբաղվել մանկական սրտաբանությամբ, ճիշտ այնպես, ինչպես զբաղվում էի մեկնելուց առաջ։ Այնուհետև դիմեցի տնօրինությանը, խնդրեցի ինձ հատկացնել ընդամենը մեկ բուժքույր և մեկ տեխնիկ, որոնց պետք է սովորեցնեի առիթմոլոգիա, քանի որ եթե չունենաս նորմալ թիմ, ապա ոչինչ չես կարող անել։ Որպես տեխնիկ ընդունեցինք կարատեի ուսուցչի, որն ուղղակի ուշաթափվում էր արյան տեսքից։ Հետագայում նա դարձավ մեր կենտրոնի լավագույն տեխնիկներից մեկը։ Այժմ արդեն ինձ հետ աշխատում է ութսունհինգ հոգանոց թիմ։ Կարծում եմ՝ թվերը ավելի քան խոսուն են։ Բացի այդ` ուրախությամբ կարող եմ նշել, մեզ մոտ աշխատանքի ընդունված բոլոր մանսագետները մինչ օրս էլ մեր կենտրոնում են։
Սկսել ենք աշխատել` օգտագործելով խորհրդային արտադրության սարքեր, որոնք ահավոր ցածր մակարդակի էին, և իհարկե, ծանոթ լինելով ամերիկյան սարքավորումներին, ամեն օր երազում էի այն օրվա մասին, երբ ի վիճակի կլինեմ ձեռք բերել ծամանակակից սարքեր։ Իսկապես շատ տհաճ զգացողություն է, երբ վիրաբույժը մտնում է վիրասրահ` հասկանալով, որ լիարժեք օգնություն ցույց չի տալու հիվանդին։
Սկսեցի նամակներ գրել խոշոր ընկերություններին։ Բավականին երկար ժամանակ նամակներս մնում էին անպատասխան։ Վերջապես մի օր Շվեյցարիայից նամակ ստացա ու տեղեկացա, որ ինձ հրավիրում են` պարզելու, թե ով եմ իրականում և ինչ կարող եմ անել։ Ընդունեցին մեծագույն կասկածանքով, սակայն կարողացա համոզել, որ ներկայացնում եմ ահավոր պայմաններում գտնվող, բայց միջազգային չափանիշներով աշխատող սրտաբանական կենտրոն։ Եղավ անգամ պահ, երբ ինձ հարց տվեցին, թե օրինակ` ինչպես ենք աշխատում, երբ հիվանդանոցում ջուրը կամ հոսանքը կտրում են... Վերջապես կնքեցինք պայմանագիր։ Տարիներ անց պայմանագիրը վերանայվեց, գները նույնպես վերանայվեցին, և այսօր մենք` որպես լուրջ գործընկեր, ունենք բավականին շահավետ պայմանագրեր։ Հիմա արդեն նման ընկերություններն են շահագրգռված մեզ հետ համագործակցելու։ Սակայն ամենադժվարը առաջին քայլերն էին, երբ մոտ ինը բիլիոն դոլար բյուջե ունեցող ընկերությունը համաձայնեց աշխատել ընդամենը վաթսուն հազար բյուջե ունեցող կենտրոնի հետ` կատարելով հսկայական ներդրումներ։ Ընդհանուր առմամբ կյանքը անկանխատեսելի երևույթ է, և եթե սրանից մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ կղեկավարեմ առանձին կլինիկա, որտեղ տարեկան կկատարվեն ավելի քան հինգ հարյուր վիրահատություններ, ընդ որում այն բոլոր վիրահատությունները, որ կարող են կատարվել ամենաժամանակակից կլինիկաներում, ապա կարծում եմ` բավականին թերահավատորեն կվերաբերվեի այդ փաստին։ Հիմա արդեն երևի երազանքներ չկան, ավելի շատ կարելի է խոսել ծրագրերի մասին, քանի որ հասել ենք այն էտապին, երբ գրեթե ամեն ինչ դարձել է հնարավոր. անհրաժեշտ է միայն աշխատել։
- Հայտնի է, որ Դուք նաև նկարում եք. Ի՞նչ տեղ է գրավում արվեստը Ձեր կյանքում։
- Արվեստն իմ թուլությունն է. հատկապես հարազատ է կերպարվեստը, որով հրապուրվել եմ մանկուց։
Նկարել սկսել եմ 1991-ի ցուրտ ձմռանը. պարզապես` առանց պատճառի. ուղղակի հասկացա, որ ուզում եմ նկարել։ Անգամ ԱՄՆ-ում վերապատրաստվելու տարիներին լավագույն հանգիստս դա ժամանակակից արվեստի թանգարանում զբոսնելն էր, որտեղ ես ամբողջ օրեր էի անցկացնում։ Ընդ որում, չգիտեմ ինչու ամաչում էի ասել, որ գնում եմ թանգարան, որտեղ օրերով «կորում էի»։ Անկեղծ ասած` նկարների մեջ ինձ հիմնականում հետաքրքիր է գաղափարը։ Գուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց Դալիի նկարները դիտելիս համարյա նույն զգացումներն էի ապրում, ինչ ապրել էի` տեսնելով դրանց կրկնօրինակները, քանի որ ինձ համար հիմնականը ոչ թե կատարման տեխնիկան է, այլ նկարի գաղափարը։
- Ունե՞ք սիրած կտավ կամ նկարիչներ։
Չէ, կան նկարիչներ, որոնք հսկայական ազդեցություն են թողել ինձ վրա. դա Պիկասոն է, Դալին է։ Սակայն երբեք չեմ փորձել որևէ մեկին կրկնօրինակել. փորձել եմ ունենալ իմ սեփական հայացքը շրջապատող աշխարհի հանդեպ։
Երբ սկսում էի նկարել, համապատասխան պարագաներ գնելու գումար չունեի։ Առաջին նկարներս ստեղծել եմ լաքով։ Ֆլոմաստերների չորացած միջուկները գցում էի ացետոնի մեջ ու ստանում գույներ։ Հենց այդպես նկարեցի իմ առաջին երեք նկարները։ Կարծում եմ, որ մինչ օրս էլ դրանք այն լավագույններն են, որ ստեղծել եմ։ Ի դեպ, որպես վրձին օգտագործում էի տան մանրահատակի վերանորոգումից հետո մնացած բարակ տաշեղները։ Նկարում էի նաև մատերով, սակայն այդ ացետոնի մեջ երկար չէի կարող մատերս պահել ու ստիպված տաշեղներն էի օգտագործում։ Հետաքրքիրն այն է, որ հիմա ունեմ նկարչական ընտիր պարագաներ, որոնց մեծ մասը նվեր եմ ստացել, սակայն չեմ նկարում, իսկ այն տարիներին, երբ դրանց մասին կարող էի միայն երազել, նկարում էի մատերով... Անգամ եղավ մի պահ, երբ լրջորեն փորձում էի ընտություն կատարել բժշկության և նկարչության միջև...
- Ի՞նչը օգնեց կատարել այդ ընտրությունը։
Կարծում եմ կյանքը։
Որոշումը կայացրի նահանգներում, երբ հասկացա, որ ընտանիքս թողած` եկել եմ սովորելու, եկել եմ գիտելիքներ ձեռք բերելու, որոնք պիտի հետո հետս տանեմ իմ երկիր, ու որ շատերը ինձ հետ բավականին լուրջ հույսեր են կապում։ Հասկացա նաև, որ հակառակ դեպքում չեմ կարողանա նայել նրանց աչքերին։
- Ձեր կարծիքով այնուամենայնիվ ավելի լավ նկարի՞չ կդառնայիք, թե՞ բժիշկ։
- Կարծում եմ` հնարավոր կլիներ համեմատություն անցկացնել, եթե շարունակեի նկարել։ Բնական է, որ որպես վիրաբույժ շարունակում եմ կատարելագործվել, իսկ նկարչությունը արդեն յոթ տարի է` թողել եմ, ու բնական է, որ ճիշտ չի լինի համեմատություն անցկացնել։ Ավելին, կարող եմ ասել, որ այժմ ես տ ինձ ընդհանրապես նկարիչ չեմ համարում։
- Չկա նկարելու ցանկությո՞ւն, թե՞ ժամանակ։
- Գիտեք` սկզբից ժամանակս չէր հերիքում, այժմ արդեն ցանկություն էլ չունեմ։ Երբեմն կատակում եմ, որ երբ մի օր այլևս չկարողանամ վիրահատել, գուցե վերադառնամ նկարչությանը։ Գուցե...
Բոլոր երեխաներն ունեն երազանքներ. ոմանք երազում են տիեզերագնաց դառնալ, մյուսները` ոստիկան, եղբայրներիցս մեկը երազում էր ամեն գնով հրշեջ դառնալ։ Ես մանկուց երազում էի բժիշկ դառնալ, հաճախ էի փորձում «բուժել» իմ խաղալիքներին։ Արդյունքում արջուկներիցս յուրաքանչյուրը բազմիցս ենթարկվել էր «վիրահատության»։ Երազում էի նաև, որ մի օր կունենամ մի սարք, որի դիմաց կնստեմ ու ղեկավարելով այն` (կլնի դա համակարգիչ, թե մեկ այլ բան) կկարողանամ բուժել մարդկանց։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մանկական երազանքները երբեմն իրականանում են...
Նունե
10.02.2011
Կարդացեք նաև
Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...
Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...
– Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...
Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...
Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը տոկոսների հետ աճում ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...
Ինչ էլ լինի` ծաղկելու է ծիրանենիդ.
Ծիծեռնակը ծանոթ քիվին –
նորոգելու բույնը իր հին,
Պայթելու է հունդը հողում...
Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...
Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:
Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,
և այն ինձ համար անսպառ աղբյուր է:
Ամադեո Մոդիլյանի...
- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...
Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...
- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն